ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՀԱՆՃԱՐԵՂ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԹՈՌԸ

ՀԱՆՃԱՐԵՂ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԹՈՌԸ
11.02.2011 | 00:00

«ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԼՌՈՒԹՅՈՒՆ»
Ժամանակ առ ժամանակ, «օրակարգային» թեմատիկ ցուցահանդեսներին զուգահեռ, տարատեսակ փոքրածավալ մշակութային միջոցառումներով կենսագործվում է թանգարանների առօրյան աշխուժացնելուն միտված պաշտոնական մարտավարությունը։ Կարծես թե իրատեսական է դառնում դրա հետապնդած գլխավոր նպատակը` հանրաճանաչ դարձնել տարբեր հաստատություններում ժողովված մշակութային արժեքները։ Բարենորոգված թանգարաններից շատերում (Ազգային պատկերասրահ, Հովհաննես Թումանյանի ու Արամ Խաչատրյանի տուն-թանգարաններ, «Գաֆեսճյան» արվեստի կենտրոն) արդեն որոշակի ավանդույթներ են ամրագրվում։ Հիմնական ցուցադրությունների վրա պատահական այցելուների ուշադրությունը սևեռելուց զատ, այդպիսով մասամբ շրջանցվում, հաղթահարվում է նաև տարաչափ դահլիճների անբավարարության արգելապատնեշը` ի նպաստ ընթացիկ մշակութային կյանքի բազմերանգացման։
Դժվար է ասել, թե այժմ որքան է աճել տարբեր թանգարանների հիմնական ցուցադրություններին լիարժեք իրազեկվողների թիվը։ Քիչ թե շատ նշանակալի թանգարանային միջոցառումների ակտիվ մասնակիցը լինելով` հազվադեպ եմ հանդիպել դրանց անցկացման «տեղանքով» լրջորեն մտահոգ այցելուների ու պաշտոնյաների։ Ակներև է միայն, որ նոր աշխատաոճի ամրապնդմամբ զգալիորեն իմաստափոխվել է «թանգարանային լռություն» հանրածանոթ արտահայտությունը, որը երևի թե շուտով հնաբանությունների (արխայիզմների) շարքում կդասվի։ Իրականում այդ «լռությունը» տարեկան միայն մեկ օր է տարերահորդ հոծ բազմությամբ էականորեն խախտվում` ավանդական դարձած «թանգարանային գիշերներին», երբ գործող բոլոր թանգարանների մուտքն ազատ է մինչ... կեսգիշեր։
Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Արամ Աբրահամյանի ու նրա կնոջ` Մարիայի անձնական հավաքածուի հենքով ձևավորված և 1984-ից Երևանի կերպարվեստասեր հանրության առջև դռները բացած Ռուսական արվեստի թանգարանն էլ, ասես, ձգտում է «ամենաաշխույժների» ռիթմով ապրել։ Ընտելանալով նորահնար աշխատաոճին` «կամերային» միջոցառումներով թանգարանը ջանում է սրել հետաքրքրությունն իր պատերի ներսում ամփոփված կեպարվեստի ուշագրավ գործերի նկատմամբ։ Շուրջ 120 ռուս նկարիչների` Բենուայի, Ռերիխի, Գոլովինի, Կուստոդիևի, Սերովի, Վրուբելի և այլոց գեղանկարներով ճշմարիտ արվեստասերը հնարավորություն ունի անմիջական հաղորդակցությամբ պատկերացում կազմելու 19-20-րդ դդ. գեղագիտական միտումների, տարբեր խմբավորումներում («ԿրսՌվօռ ւՉՏրՑ» «ԾՌՐ ՌրՍցրրՑՉՈ», «թՏսցոՈ ՐՏջՈ», «ըցովՏՉօռ ՉՈսպՑ») մեկտեղված արվեստագետների ստեղծագործական դավանանքների մասին։
Շրջադարձային փուլի գեղանկարչական համապատկերի ինքնատիպությամբ հմայվելու օրերս ընձեռված նոր առիթը, սակայն, այնքան նշանակալի էր, որ մանկամտություն կլիներ հիմնական ցուցադրությամբ այցելուներին վերստին գայթակղելու ծածուկ հույսեր փայփայել։
ԲԱՑԻԿՆԵՐ` ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒՑ
Տոհմածառի պատկերի լիարժեքացմամբ տարված պատմաբան Իրինա Կասացկայան, որն այժմ ՌԴ պետական սոցիալական համալսարանի Բրյանսկի մասնաճյուղի սոցիալական աշխատանքների ամբիոնն է ղեկավարում, 1990-ին, Տրետյակովյան պատկերասրահի պահոցները հետազոտելիս, բացահայտել էր ռուս վտարանդի ծովանկարիչ ԱԼԵՔՍԵՅ ՎԱՍԻԼԵՎԻՉ ՀԱՆԶԵՆԻ (ԳԱՆԶԵՆԻ) ունեցած արյունակցական կապն աշխարհահռչակ Հովհաննես Այվազովսկու (1817-1900 թթ.) հետ։ Մարիամ Այվազովսկի-Հանզենի որդի Ալեքսեյը մեծատաղանդ պապի երեք թոռներից մասնագիտական բարձրակարգ կրթություն ստացած ամենաարժանավորն է եղել` նրա վրձինը ժառանգելու համար։ Իր հեռավոր ազգակցական հարազատությամբ (Հանզեն-Մուրուզի-Կասացկի-Դրոզդով-Սվիտելսկիներ) առանձնակի խանդավառված Իրինա Կասացկայան, խորազնին պրպտումներով բացահայտելով Ալեքսեյ Հանզենի (1876-1937 թթ.) անցած կենսական ու ստեղծագործական ճանապարհը` Օդեսայից մինչև Դուբրովնիկ (Հորվաթիա), ի նշանավորումն ծննդյան 135-րդ տարեդարձի, Այվազովսկու հայրենակիցներիս համար նախաձեռնել էր նրա տաղանդավոր թոռան նկարագրի ամբողջացման դժվարին գործը։ Սեփական հնարավորություններով անկարող լինելով Հանզենի վրձնած 3000-ից ավելի աշխարհասփյուռ աշխատանքներից գեթ մի մասով Երևանում հոբելյանական ցուցահանդես կազմակերպել` Իրինա Կասացկայան մանրակրկիտ ժողովված տեսանյութով ու խորագետ պարզաբանումներով հարազատացրեց ներկաների փոքրաթիվ խմբին պապի հետագծերով դեպի ինքնահաստատում գնացած Ալեքսեյ Հանզենի կյանքն ու գործը։ «Մարիա կայսրուհու մանկական խնամքի գերատեսչությունների գործունեության պատմական փորձը» (1861-1917 թթ.) թեկնածուական ատենախոսության հետազոտությունների արդյունքում գտնված ուշագրավ փաստերի մեկտեղմամբ բազմաթիվ աղերսներ էր ի հայտ բերել հանճարեղ պապի ու նրա տաղանդավոր թոռան մարդկային ու ստեղծագործական նկարագրերում։ Ավելին, 1992-ից նախաձեռնելով հայտնաբերած կարևոր պատմական իրողությունների հանրաճանաչումը Հանզենի հայրենիքում ու կյանքի վերջին հանգրվան Հարավսլավիայում, նորանոր բացահայտումներով վեր էր հանել նրա ստեղծագործական տարեգրության «ճերմակ էջերի» գրեթե ողջ բովանդակությունը։ Բազմաթիվ համաժողովներում կարդացած զեկուցումները հիմք են դարձել 2005-ին հրապարակված գրքի։ Նրա արվեստագիտական համառ պրպտումներով անհետ կորչելուց, բարեբախտաբար, փրկվել են նաև Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանից հեռացած մի շարք տաղանդավոր ռուս նկարիչներ։ Դրանցից մեկի` Ստեփան Կոլեսնիկովի մասին պատմող գիրքն Իրինա Կասացկայան Հանզենի մենագրության հետ միասին, նվիրեց Երևանի ռուսական արվեստի թանգարանին։ Ճանաչողական, իրադարձային արժեքավորությամբ առանձնակի տպավորիչ, բայց համեստ հոբելյանակատարության սրահից ձեռնունայն չհեռացան նույնիսկ պատահական այցելուները։ Իրենց ընծայված բացիկները, Հանզենի հեղինակած հազարավոր ռազմանավերի պատկերներով, նրանք ընդունեցին որպես մոռացությունից փրկված մասունքներ` Հովհաննես Այվազովսկու կողմից «ուղարկված»։
Ազգային պատկերասրահի որմնանկարների ընդարձակ սրահում, մի շարք տարաբնույթ հանդիսահավաքների մասնակիցներից շատերի նման, ինքս էլ ակամա տրտմեցի. արդյոք չէ՞ր կարելի ըստ արժանվույն կարևորել Իրինա Կասացկայայի նախաձեռնությունը` այն կայացնելով մեր ազգային ամենախոշոր կերպարվեստապահոցում` հիմնական ցուցադրության մեջ եղած պապի հավաքածուի հենքի վրա կենդանացնելով թոռան լիարժեքացված դիմանկարը։ Կամ էլ նկարչի տանը` ի լուր կերպարվեստի ասպարեզ ոտք դրած նոր սերնդի։
ՄԵՂՄ ԱԼԵԿՈԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՐԻՉԸ
Ռուսաստանի ծովային նախարարության նկարիչ, Օդեսայի, Շլիսելբուրգի և Պետրոգրադի մանկատների հոգաբարձուների խորհուրդների պատվավոր անդամ, պալատական ավագ խորհրդական Ալեքսեյ Հանզենի մասին Իրինա Կասացկայայի նոր տեղեկությունները խմբավորելով` դյուրությամբ նկատում ես Այվազովսկու և նրա Մարիամ դստեր որդի Ալեքսեյի անցած ճանապարհների, կարծես ի վերուստ կանխորոշված, ընդհանրությունները։
Պապից առաջին դասերը քաղած Ալեքսեյն Օդեսայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ուսանելիս է լրջորեն զբաղվել գեղանկարչությամբ։ Հոգու կանչին անսալով` մեկնել է Մյունխեն, աշակերտել Եժի Բրեխտին։ Բեռլինի և Դրեզդենի գեղարվեստի ակադեմիաներում Կառլ Զալցմանի և Պոլ Մայերհայմի արվեստանոցներում վարպետանալիս հստակեցնելով սեփական ձեռագիրը` 1903-ին «Depeshenboot» աշխատանքով մասնակցել է Բեռլինի մեծ ցուցահանդեսին։ Միաժամանակ, վեց տարի անընդմեջ Օդեսայում ներկայացվել է գեղարվեստի ակադեմիայի գարնանային ցուցահանդեսներում։ Ճենովայի ափերին էտյուդներ անելու գործուղված մի քանի նկարիչների վրձնահարվածները չորս ամիս ուղղորդելուց հետո Իտալիայից մեկնել է Փարիզ։ Գեղանկարչությամբ զբաղվելով Էնտոնի Ռոբեր-Ֆլյորիի և Ժյուլ Լեֆևրի արվետանոցներում` 1907-ին «Սև ծով» կտավի համար ստացել է «Mention honorable» պարգևը, ինչը նրան արտամրցութային ցուցադրությունների իրավունք է տվել։ Լի ստեղծագործական եռանդով` տարեկան շուրջ 100 նկար է վրձնել, որոնք մեծ պահանջարկ են ունեցել Փարիզում, Լոնդոնում և Ամերիկայում։ Ադրիատիկի բանաստեղծ-նկարչի համարում է ձեռք բերել Միջերկրականի ափերին արված բնապատկերներով։ Ռուս-ճապոնական պատերազմի (1904-1905 թթ.) թեմաներով նկարներից հետո կենտրոնական հետաքրքրությունն է դարձրել նավատորմը։ Նիկոլայ 2-րդի «Շտանդարտ» նավը ուղեկցելով «Ծովակալ Մակարով» հածանավով` մոտ 60 էտյուդ է արել ճանապարհորդելիս, որոնցից մեկն ընծայելով Անտանտի երկրների տիրակալների հետ հանդիպած ռուսական կայսերը` նրանից Ռուսաստանի զինանշանով ադամանդակուռ ճարմանդ է նվեր ստացել։
Նոր երանգներով է հարստացել Հանզենի ներկապնակը Ղրիմում ու Կովկասում շրջագայելիս։ Յոթ տասնյակից ավելի յուղաներկ, ջրաներկ գեղանկարներով ու օֆորտներով առաջին անհատական ցուցահանդեսն է բացել «Internatiomal Art Gallery» պատկերասրահում։ Ռերիխի, Բիլիբինի, Ռոստիսլավովի, Կուստոդիևի և հանրահայտ այլ ռուս նկարիչների օգնությամբ Օդեսայում հիմնել է Գեղարվեստի թանգարան` Թեոդոսիայում Այվազովսկու ստեղծածի նմանությամբ։ Ծովամարտեր վրձնելով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին` պետերբուրգյան մի շարք հանդեսների համար լուսանկարչական ճշգրտությամբ բազմաթիվ նկարազարդումներ է արել։ Հանզենի գլխավոր պատվիրատուն ռազմական գերատեսչությունն է դարձել։ «Ռուսական կայսերական նավատորմիղ» ալբոմում (1916 թ.) նրա 25 գունավոր ֆաքսիմիլային նկարների վերատպություններն են (Պետրոս Առաջինից մինչև Նիկոլայ Երկրորդ) ամփոփված։
Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությամբ վերափոխված կացութաձևին չհամակերպվելով` Ալեքսեյ Հանզենը կնոջ` Օլիմպիադայի հետ 1920-ին լքել է Ռուսաստանը։ Հաստատվելով Հարավսլավիայում` նույն տարում Զագրեբում առաջին անհատական ցուցահանդեսն է բացել։ 1929-ին ցուցադրել է իր աշխատանքները Փարիզում` Ժորժ Պտիի պատկերասրահում։ 1933-ին փոխծովակալ Ա. Դ. Բուբնովի հեղինակած «Ռազմածովային արվեստի պատմություն» եռահատորյակը նկարազարդելուց հետո բացվել է Հանզենի վերջին ցուցահանդեսը` նվիրված «Դալմացիա» նավատորմին։ Վերջին կտավը «Ծաղկափթիթ պատշգամբն» է` արված Դուբրովնիկի (Հորվաթիա) առանձնատանը։
Ցավոք, մինչ այժմ անհայտ է մնում Բելգրադի ռազմական թանգարանի գնած Հանզենի հավաքածուի ճակատագիրը «խաղաղարարական» ռմբակոծություններից հետո։ Հռոմի, Բուենոս Այրեսի, Մադրիդի, Ռիո դե Ժանեյրոյի, Փարիզի և այլ քաղաքների կերպարվեստասերների անհաշիվ մասնավոր հավաքածուներում պահպանված նկարներով, այդուհանդերձ, կարելի է հստակ գաղափար կազմել Հանզենի ստեղծագործական հետաքրքրությունների ու կարողությունների մասին։ Որոշ «ծովակտավներ» կարելի է շփոթել Հովհաննես Այվազովսկու վրձնածների հետ («Ավազե ափը», «Ալեկոծություն»), բայց ուշիմ բաղդատմամբ գտնվում է տարբերակման բանալին։ Ի տարբերություն պապի, ում կտավներում թե՛ խաղաղ ծովն է, թե՛ սահմռկեցուցիչ ամեհի տարերքը, Հանզենը խուսափում է բնության կործանարար ուժի գեղարվեստական վերարտադրությունից։ Հանզենյան ծովամարտերում նույնիսկ ինչ-որ կայուն լավատեսություն կա, կապույտ անդորրի հավատ։ Ժառանգելով պապից մարդկային ու ստեղծագործական առանցքային հատկանիշների հիմնական գամման` Հանզենը, գուցե կյանքի փոթորիկներից ընկճվելով, գերադասել է լինել մեղմ ալեկոծությունների, խաղաղ ավարտով ծովամարտերի նկարիչ։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3178

Մեկնաբանություններ